Առաջադրանքների փաթեթ 4-1 դասարան

Նոյեմբերի 15

Համեմատեք ձեր գրածի հետ, ուղղեք սխալները, կատարեք առաջադրանքները:

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

  1. Տեքստից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառեր:
  2. Այդ բառերով կազմիր նախադասություններ:
  3. ցամաքային, գոյություն, բուսակեր, գիտնական, ձվադրել, ձագ բառերը բաժանիր բաղադրիչների:
  4. Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

կենդանի-
ձագ-
օր-
երբ-
թուխս-

Ավարտիր տեքստից հետո տրված առաջադրանքները:

Թելադրության միավորները՝

Հրաչյա-6
Հովսեփ-3
Ժիրայր-5
Վարդան-4
Ի. Ալեքս-9
Խ. Դավիթ-4
Աթ.Դավիթ-6
Ղ. Վահե-4
Նատալ-3
Արեն-6
Մ. Դավիթ-5
Ան. Մարի-7
Մարիամ-8
Մն. Նարեկ-3
Հովհ. Նարե-4
Մ. Մանե-4
Պ. նարեկ-3
Առ. Ալեքս-3
Ս. Նարեկ-8
Հովհ. Մանե-9
Անգելինա-4
Աբովյան Ալեն-8

Նոյեմբերի 14

Դասարանում՝ քննական նախապատրաստական աշխատանք

Տեքստից հետո տրված առաջադրանքներից կատարիր 2-րդը, 3-րդը և 6-րդը:

Նոյեմբերի 13

Բառագիտություն
Արմատ 

Արմատը բառի հիմնական իմաստն արտահատող մասն է, հիմքը: Արմատը արտահայտում է բառի հիմնական իմաստը և չի բաժանվում բաղադրիչների:

Օրինակ՝ թագ արմատից ունենք թագավորանթագթագուհի բառերը:

Առաջադրանքներ՝

1.Գտիր և առանձնացրու հետևյալ բառերի արմատները՝ գետակ, ձորակ, շնորհալի, հեռավոր, հարցուփորձ, վերջալույս, անցորդ:
2. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

նվեր, նվիրատու, նվիրված, նվիրվել-
նրբազգաց, նրբամարմին, նրբանկատ-, նրբորեն-
սրտոտ, սրտամոտ, սրտաբաց-
գունավոր, գունազարդ, գունավորել, գունատ, գունաթափ-

Ընթերցանություն

Ավետիք Իսահակյան «Երջանիկ խրճիթը»՝ Ընթերցարանից (էջ 45):

  • Կատարիր առաջադրանք 1-ինը:
  • Պատմվածքը բաժանիր հատվածների, վերնագրիր հատվածները:

 

Նոյեմբերի 12

Դասարանում՝ կարդացել ենք Ջելսոմինոյի մասին հորինած պատմությունները, ընտրել լավագույն աշխատանքները:

Ընթերցարանից (էջ 45) կարդա Ավետիք Իսահակյանի «Երջանիկ խրճիթը», դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

Նոյեմբերի 9

Հաշվի առնելով Ջելսոմինոյի հատկանիշները՝ հորինիր պատմություն «Ջելսոմինոն սեբաստացիների աշխարհում» վերնագրով, ուշադրություն դարձրու ուղղագրությանը և կետադրությանը: Աշխատանքդ տեղադրիր բլոգում:

Բառային աշխատանք հանգստյան օրերին՝

Ներբեռնիր Մարիետ Սիմոնյանի. Հայոց լեզու 4: Գիրք-տետր չորրորդ դասարանցիների համար գիրքը: Գրքի վերջում (էջ 109) կա ուղղագրական բառարան, դուրս գրիր ա-ով սկսվող բառերը, սովորիր ուղղագրությունը, որ բառն անծանոթ է, բացատրիր բացատրական բառարանի օգնությամբ, սովորիր:

Նոյեմբերի 8

Դասարանում՝  Լեզվական խաղ-մրցույթ կրթահամալիրի տոնին:

Տանը՝ 5-րդ դասարանցիները հրավիրատոմսեր են կազմել և ով ում ցանկացել է, հրավիրել է մասնակցելու Նոյեմբերի 10-ի Հարիսայի ծեսին… Նայիր հրավիրատոմսերը, ընտրիր այն հրավիրատոմսը, որը հավանում ես, ապա Թողնել մեկնաբանություն  (Добавить комментарий) բաժնում գրիր կարծիքդ՝ ինչու ես հավանել, ինչն էր հետաքրքիր և այլն:

Նոյեմբերի 7

Ավարտիր թեստային աշխատանքը՝ Ջելսոմինոյի արկածները

Նոյեմբերի 6

Իմ ուսումնական աշունը՝ աշխատանքների ստուգում, քննարկում

Թեստային աշխատանք՝ Ջելսոմինոյի արկածները

Կատարիր 1-ին, 3-րդ, 6-րդ և 7-րդ առաջադրանքները։

Նոյեմբերի 5

Գրավոր աշխատանք՝
Պատմիր աշնանային արձակուրդի մասին: Պատմիր այնպես, որ պատումը լինի՝

  • լինի հետաքրքիր, անմիջական, անկեղծ
  • պատմիր, թե ինչպես է անցել աշնանային արձակուրդդ
  • պատումիդ մեջ գրիր քո կատարած աշխատանքների մասին և կցիր այդ աշխատանքների հղումները (աշնանային ֆոտոպատում, կարդացած գիրք, թարգմանություն և այլն)
  • աշխատանքը վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Բանավոր աշխատանք՝
Կազմիր հարցեր Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գրքի առաջին գլխի վերաբերյալ:

Հոկտեմբերի 27-նոյեմբերի 4

Կարդա Ջաննի Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» գիրքը: Կարդա այնպես, որ կարողանաս ներկայացնել, պատմել քո կարդացածը, քննարկել:

Լրացուցիչ աշխատանքներ՝ 

1.Կարդա քո նախընտրած գիրքը և այդ մասին հրապարակիր բլոգում` ըստ հետևյալ պահանջների:

2.Ամենաաշնանային, ամենաստեղծական ու ինքնատիպ առաջադրանքը՝ Աշունը իմ քաղաքում, իմ բակում, իմ գյուղում, իմ այգում… և այս ամենը իմ ֆոտոխցիկից:

Լուսանկարիր աշունը. ամենաստացված, ամենաառանձնահատուկ նկարները հրապարակի՛ր բլոգումդ և պարտադիր գրի՛ր  մեկնաբանություն յուրաքանչյուր նկարի համար:

Հ. Գ. Մեր ճամփորդությունները կարող եք տեսնել հետևյալ հղումներով՝

Ընթերցողական ֆլեշմոբ Ազգային ժողովի այգում

Էջմիածնում

Հոկտեմբերի 25

Սիրելի՛ սովորողներ, հարգելի՛ ծնողներ, վաղը՝ հոկտեմբերի 26-ին գնալու ենք ճամփորդության՝ Էջմիածին, ստորև ներկայացնում եմ մեր անելիքները և այցելության վայրերը՝

Ձեզ հետ բերում եք 1000 դրամ, բրդուճներ, բարձր ու ստեղծական տրամադրություն, և ամենակարևորը՝ պետք է լինենք կարգապահ: Գնալու ենք ընդհանուր պարապմունքից հետո, վերադառնալու ենք 13.30:

Շատ լավ կարդալ սովորիր Համո Սահյանի «Պապը» բանաստեղծությունը, կատարիր լրացուցիչ առաջադրանքները:

Հոկտեմբերի 24

Պատմիր հոկտեմբերի 23-ի ճամփորդության մասին, կիսվիր քո տպավորություններով, աշխատանքը տեղադրիր բլոգում:

Կարդա Համո Սահյանի «Պապը» բանաստեղծությունը, կատարիր 1-4-րդ առաջադրանքները:

Հոկտեմբերի 22

Սիրելի՛ սովորողներ, հարգելի՛ ծնողներ, վաղը՝ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 9.30- 12.30, գնալու ենք ճամփորդության` Ազգային ժողովի այգի և Բաղրամյան 26, քայլք Երևանի փողոցներով, կազմակերպելու ենք ընթերցողական ֆլեշմոբ:

Գումարը՝ 500 դրամ:

Խնդրում եմ,  որ բոլորը լինեն միագույն կամ գունեղ շապիկներով:

Կրկնեք մեր սովորած բանաստեղծությունները:

Հոկտեմբերի 19

Թեստային աշխատանք՝ Ջաննի Ռոդարի «Տարօրինակ հարցեր»

Կրկնել Համո Սահյանի  «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»,  «Մշուշների շղարշի տակ» և «Մայրամուտ» բանաստեղծությունները:

Հոկտեմբերի 18

Թեստային աշխատանք

Համո Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը՝ անգիր

Հոկտեմբերի 17

Ը-ի ուղղագրությունը, կատարիր առաջադրանքները:

Անգիր սովորիր Համո Սահյանի «Մայրամուտ» բանաստեղծությունը մինչև շաբաթվա վերջ:

Լրացուցիչ առաջադրանքի ժամկետը՝  մինչև շաբաթվա վերջ:

Հոկտեմբերի 16

Համո Սահյան «Մայրամուտ», սովորիր լավ ու արտահայտիչ կարդալ, կատարիր 4-րդ առաջադրանքը:

  • Համեմատիր երեկվա քո կատարած բառային աշխատանքի հետ, ուղղիր սխալներդ, սովորիր: 

՝Արծաթազօծել-արծաթով պատել, արծաթով օծել
Վայրէջք-վայր իջնելը
Ողորկ-հարթ, ուղիղ
Նախօրոք-նախքան որևէ բան անելը, որևէ բանից առաջ
Անորակ-որակ չունեցող
Հանրօգուտ-հանրությանը օգուտ տալը
Ոսկեզօծել-ոսկով պատել, օծել
Ոսոխ-թշնամի, հակառակորդ
Անեզր-եզր չունեցող
Ամենօրյա-ամեն օրվա

Հոկտեմբերի 15-ի բառային աշխատանքի միավորները՝

Ալեն-7,5
ԱՆգելինա-5,5
Աստղիկ-3
Մ. Մանե-8
Հովսեփ-4
Ս. Նարեկ-8
Խ. Դավիթ-9
Պ. Նարեկ-6
Հ. Մանե-8
Վահե-9
Ա. Դավիթ-5
Արեն-7
Նատալի-3
Հրաչյա-7,5
Հ. Նարե-5,5
Մարի-5,5
Մարիամ-10
Անի-6
Մ. Դավիթ-5
Ի. Ալեքս-8

Վարդան-աշխատանք չի ներկայացրել
Ա. Ալեքս-աշխատանք չի ներկայացրել
Լիանա-աշխատանք չի ներկայացրել
Մ. Նարեկ-աշխատանք չի ներկայացրել

Հոկտեմբերի 15

Համո Սահյան «Մայրամուտ», կարդա բանաստեղծությունը, կատարիր 1-3-րդ առաջադրանքները:

Ովքեր չէին սովորել «Մշուշների շղարշի տակ» բանաստեղծությունը, սովորում են:

Հոկտեմբերի 10-14

Գորտը երկկենցաղ է կոչվում, որովհետև ապրում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։ Գորտի շերեփուկներն ապրում են ջրում և ձկների նման շնչում խռիկներով։ Երբ մեծանում են, կորցնում են խռիկները և ցամաքային կենդանիների պես սկսում են շնչել թոքերով։ Սրանց մաշկը բարակ է և խոնավ, ուստի կարիք ունի պարբերաբար թրջվելու։ Այդ պատճառով էլ ջրից չեն հեռանում։ Չոր տեղում երկար մնալու դեպքում գորտը կարող է սատկել։ Նրանք ջուրը բերանով չեն խմում, այլ ստանում են մաշկի միջոցով։ Լճերի գորտերն ամբողջ կյանքն անցկացնում են ջրամբարներում։ Նրանք ափամերձ տարածքի թարմ խոտի վառ կանաչ գույնն ունեն։ Բոլոր երկկենցաղները գիշատիչներ են, ուտում են միջատներ, որդեր և փափկամորթներ։ Դա օգտակար գործ է, քանի որ վնասատուներ են ոչնչացնում։ Սակայն իրենք էլ սնունդ են դառնում ուրիշ կենդանիների համար։ Մի շարք երկրներում մարդիկ ևս գորտ են ուտում։ Այն նրբահամ խորտիկ է համարվում Ֆրանսիայում։

Հոկտեմբերի 9

  • Համեմատիր երեկվա քո կատարած աշխատանքի հետ, ուղղիր սխալներդ, սովորիր: 

լայնէկրան- լայն էկրան ունեցող
ելևէջ-ելնել և իջնել
վայրէջք-վայր իջնել
ամենաերկար-ամենից երկար
անէանալ-անհետանալ

Հոկտեմբերի 8

Դասին անպատրաստ էր Պողոսյան Նարեկը:

Անգիր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը և քո նկարած նկարի հետ տեղադրիր բլոգում:

Օ-ո-ի ուղղագրությունը. կատարիր 1-3-րդ առաջադրանքները:

Վաղը ձեզ հետ բերում եք ականջակալ:

Հոկտեմբերի 5

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ, օրինակ՝ երփներանգ-երփներանգ ծաղիկներ:
 Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենաէժան, չէինք,  էկրան,  Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:

2. Տրված բառերից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ, օրինակ՝ Խելացի հնէաբանը ուսումնասիրում էր մի հետաքրքիր հնագույն կենդանու կմախքը: :
Զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցե, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, գոմեշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  էջ, ամենաէժան,  էկրան,  Էջմիածին,նորեկ, ամենաերկար :

Ընթերցանություն

Կարդա Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը, պարտադիր կատարիր 1-4-րդ առաջադրանքները (լրացուցիչ առաջադրանքները՝ ցանկությամբ), ապա անգիր սովորիր բանաստեղծությունը:

Հոկտեմբերի 3

Է-ե-ի ուղղագրությունը. կատարիր 4-6-րդ առաջադրանքները:

Լրացուցիչ աշխատանք՝  Գրիր է-ով սկսվող 10 բառ և բառամիջում է ունեցող 10 բառ:

Հոկտեմբերի 2

Կոմիտասի «Աշուն» բանաստեղծությունը սովորիր անգիր և քո նկարած նկարի հետ տեղադրիր բլոգում:

Է-ե-ի ուղղագրությունը. կատարիր 1-3-րդ առաջադրանքները:

Հոկտեմբերի 1

Կոմիտաս կարդա բանաստեղծությունը, կատարիր առաջադրանքները:

Սիրելի սովորողներ, Սարոյանական օրերի ձեր ամփոփումներից եզրակացրի, որ դուք հասցրիք սիրել Վիլյամ Սարոյան գրողին: Հուսով եմ՝ դեռ շատ առիթներ և ցանկություն կունենաք կարդալու մեծ գրողի գործերից: Նայեք Սարոյանական օրերի մեր ամփոփումը, կարդացեք ձեր և ձեր ընկերների գրածները: 

Հիմա անդրադառնամ ձեր բլոգներին. որոշ սովորողների մոտ բլոգավարությունը փայլուն է, այսինքն սովորողն ունի Մայրենի լեզու բաժինը, ուր տեղադրում է բոլոր այն աշխատանքները, որոնք պետք է տեղադրել բլոգում, սակայն կան սովորողներ, ովքեր չեն կարևորել բլոգային ուսուցումը, իրենց աշխատանքները չեն տեղադրել բլոգում կամ էլ աշխատանքն արված է կիսատ-պռատ, շատ անփույթ ու անուշադիր:

Կարգի բերեք բլոգները, դարձրեք ներկայանալի:

Սեպտեմբերի 28

Սարոյանական օրերի ամփոփում

  1. Գրավոր  պատմիր, թե ինչպես են անցել սարոյանական օրերը ձեր դասարանում:
  2. Աշխատանքդ վերնագրիր:
  3. Համացանցից ընտրիր Սարոյանի նկարներից մեկը, կցիր աշխատանքիդ:
  4. Աշխատանքդ տեղադրիր բլոգում՝ Մայրենի լեզվի բաժնում,  հղումն ուղարկիր ինձ:

Սեպտեմբերի 27

Դասարանում՝ գրել ենք թելադրություն. սովորողներն իրենց մեյլերին ստացել են ձայնագրված տեքստ, ներբեռնել, ականջակալով լսել ու գրի առել:

Տանը՝ 

Ձեր աշխատանքներն ուղարկել եմ ձեզ, նշել սխալները, մեկ անգամ ևս նայեք, համեմատեք, սխալների ուղղում արեք:

Պինգվինները մարդկանց բարեկամներն են: Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է: Նրա մարմինը ձգված է, ճկուն: Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում: Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով:

Բանավոր աշխատանք

Սարոյանական օրերի ամփոփում

Բանավոր պատասխանիր հարցերին:

  1. Ո՞վ է Վիլյամ Սարոյանը:
  2. Թվարկիր Վիլյամ Սարոյանի այն առակները, որոնք անցել ենք այս տարի:
  3. Ի՞նչ է սովորեցնում Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան» առակը:
  4. Ի՞նչ խորհուրդներ կտայիր «Առյուծն ու նապաստակը» առակի հերոսներին:
  5. Ո՞րն է «Երկու արաբների պատմությունը» առակի ասելիքը:
  6. Ինչպիսի՞ մարդ է Սարոյանը, ի՞նչ ես կարդացել նրա մասին:
  7. Ինչպիսի՞ աշակերտ է եղել Սարոյանը:
  8. Վիլյամ Սարոյանի պատմվածքներից որո՞նք ենք կարդացել:
  9. Ո՞ր պատմվածքն է քեզ շատ դուր եկել, ինչո՞ւ:
  10. Ի՞նչ նոր բառեր ես սովորել Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները անցնելիս:

Սեպտեմբերի 26

Վաղը դպրոց եք գալիս ականջակալով և լիցքավորած համակարգչով:

Գործնական աշխատանք

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի -սկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարա-յան դաշտում: Ո-կույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փա-լփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղ-ը, բուրումնավետ սերկ-իլը ժպտում են իրենց եր-ներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազ-ծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդար-ակ այգիների երկայնքով, աս-ալտապատ ճանապար-ների եզրերով:

2.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները (իմաստով մոտ բառերը):

երփներանգ, սաղարթ, ճամփա

3. Բացատրիր հետևյալ բառերը:

արծաթազօծել, ասֆալտապատ, ծիրանագույն, սաղարթախիտ

4.Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

երփն (գույն), երբ, ճանապարհ, արձակ

Կարդա Վիլյամ Սարոյանի «Երկու արաբների պատմությունը»:

Սեպտեմբերի 25

Մասնակցիր առցանց դասին: Քո մեկնաբանությունը գրելուց և ուղարկելուց հետո կարդա նաև ընկերներիդ գրածները, պատասխանիր նաև նրանց՝ բանավիճեք, համոզեք, ապացուցեք, քննարկեք…

Սեպտեմբերի 24

Բառային աշխատանք

Հետևյալ բառերը բաժանիր բաղադրիչների, ապա յուրաքանչյուր բաղադրիչով կազմիր նոր բառեր՝ ուղղություն, տնակ, կովատեր, բարձրահասակ, նյարդային, անհամբեր, վտանգավոր:
Օրինակ՝
ուղղություն— ուղիղ+ություն
ուղիղ-ուղղաթիռ, ուղղահայաց, ուղղաձիգ, ուղղանկյուն
ություն-ցանկություն, գողություն, լայնություն, մանկություն

Կարդա Վիլյամ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի երկրորդ մասը և կատարիր տրված առաջադրանքները:

  • Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Թվարկիր հերոսներին:
  • Վերնագրիր երկրորդ հատվածը:

Սեպտեմբերի 20

Կարդա Վիլյամ Սարոյանի «Ծիրանի ծառը» պատմվածքի առաջին մասը և կատարիր տրված առաջադրանքները:

  • Առաջին մասից դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Վերնագրիր առաջին մասը:
  • Առաջին մասից դուրս գրիր այն հատվածը, միտքը, որն ամենաշատը հավանեցիր: Հիմնավորիր ընտրությունդ:

Սեպտեմբերի 19

Գրիր քո օրագիրը այս շաբաթվա առաջին երեք օրվա համար՝ սեպտեմբերի 17-19-ը: Պատմիր յուրաքանչյուր օրվա մասին: Աշխատանքը տեղադրիր բլոգում:

Սեպտեմբերի 18

Կարդա, համեմատիր քո գրածի հետ, գտիր սխալներդ, ուղղիր, ապա պատասխանիր ներքևում տրված հարցերին:

Անտառի սանիտարը

Երաշտահավին ամենուրեք կարելի է հանդիպել։ Նա ապրում է գյուղում, քաղաքում, անտառում։

Ամռանը սպիտակ այտերով այս թռչնակին գրեթե չես տեսնի։ Նա մինչև տասնհինգ ձագ է ունենում, ուստի ողջ օրն զբաղված է իր քաղցած ճուտիկների համար կերակուր հայթայթելով։ Անընդհատ մի ճյուղից մյուսն է թռչում, կեր որոնում։ Հենց  մի որդ է գտնում, իսկույն դեպի բույնն է սլանում։ Այդպես նա անտառը մաքրում է շատ վնասատուներից։

Հարցեր

  1. Ողջ օրը երաշտահավն ինչո՞վ է զբաղված լինում։ Ինչո՞ւ։
  2. Համացանցից երաժշտահավի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն հայթայթի՛ր և պատճենի՛ր։
  3. Շարունակի՛ր։ Մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Ձմռան մի առավոտ երաշտահավը մոտեցավ իմ պատուհանին և ․․․․

  • Սիրելի սովորողներ, Ջիմի օրագիրը տեղադրեք բլոգում, հղումն ուղարկեք ինձ:

Սեպտեմբերի 17

Լրացրու Ջիմի օրագիրը: Առաջին երկու օրերը գրիր ըստ պատմվածքի, իսկ 3-րդ և 4-րդ օրերը՝ մտածիր, հորինիր, երևակայիր:

Օր առաջին

Օր երկրորդ

Օր երրորդ

Օր չորրորդ

Սեպտեմբերի 14

Սիրելի սովորողներ, այսօր հայոց լեզվի ֆլեշմոբի օրն է: Չմոռանաք մասնակցել: Ժամը 19.00-ին կդրվի mskh.am-ում:

Գործնական աշխատանք

1.Եթե նախադասությունները ճիշտ դասավորեսկիմանաս դելֆինների
սովորության մասին:

1.Գիտնականները պարզել են, որ դելֆիններն այդ գիտակցաբար չեն անում։
2.Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։
3.Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվոդ մարդկանց։
4.Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։
5.Չնայած այս ամենին՝ հայտնի է, թե դելֆինները որքան են սիրում մարդկանց և ատում շնաձկներին։

2Գիտնականբազմաթիվպատմությունափշնաձուկ բառերը բաժանիր բաղադրիչների:

3.Գրիր մեկ բառով՝

մարդ, որը լողում է-
մարդ, որը հեծանիվ է քշում-
մարդ, որը մեքենա է վարում-
մարդ, որը ճամփա է գնում-
մարդ, որն առաջնորդում է-
մարդ, որը որս է անում-
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-
մարդ, որը գնումներ է կատարում-

Ո՞ր ածանցը ավելացավ բոլոր բառերը կազմելիս:

Տանը՝ Վիլյամ Սարոյանը սրամտում է… կարդա, պատասխանիր հարցերին:

Սեպտեմբերի 13

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Դասարանում՝

Բառային աշխատանք.
(պատմվածքից դուրս ենք գրել բարդ և ածանցավոր բառեր)

երազանք-երազ+անք-ածանցավոր բառ
դպրոց-դպիր+ոց-ածանցավոր բառ
տղամարդ-տղա+մարդ-բարդ բառ
աղքատություն-աղքատ+ություն-ածանցավոր բառ
արհամարհանք-արհամարհել+անք-ածանցավոր բառ

Տանը՝ 

Շարունակիր նույն ձևով. բառերը բաժանիր բաղադրիչների և նշիր բառի տեսակը ըստ կազմության՝ 

փոքրիկ-
քաղաքային-
փառամոլ-
տոնական-
դասասենյակ-
ուսուցչուհի-

Բանավոր աշխատանք`
1.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:
2.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:

Սեպտեմբերի 12

Կարդա Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում»  պատմվածքը, կատարիր առաջադրանքները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկիր հերոսներին:
  2. Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ:
  3. Ի՞նչ էր մտածում Ջիմը՝

ա) մինչ դպրոց գնալը,
բ) հետո:

4. Գրիր, թե ինչն է ուրախացնում և ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:

Սեպտեմբերի 11

Կարդա Վիլյամ Սարոյանի Նախնիների երկարակեցության գաղտնիքը, բանավոր պատասխանիր տրված հարցերին:

Սեպտեմբերի 10

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը», առակը կարդալ, պատմել, կատարել առաջադրանքները:

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ի-նել, բար-րանալ, թա-ավոր, մար-, կր-ա, այս-ր, փա-չել, ձե-ք, ան-ամ

  1. Մեկ բառով գրի՛ր:

Զվարթ ձայն ունեցող-
Լրագիր վաճառող-
Զվարճություն սիրող-
Միս վաճառող-
Մոր քույրը-
Ժամանակը ցույց տվող-

  1. Գրիր տրված բառերի հոմանիշներըկարող ես օգտվել բառարանից:  

Մեծամիտ-
Ուրախանալ-
արքա-
Սրտաճաք լինել-

4.Անապատի նավծովերի տիրակալգորշ հսկակենդանիների արքաՈ՞ր կենդանին չնշվեց:

ա) առյուծը բ) փիղը գ) ձին դ )ուղտը ե) կետը

Սեպտեմբերի 7

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

  • Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել բլոգում:

Լրացուցիչ աշխատանք

Կարդա Վահագն Դավթյանի  «Բարի հսկան» գրքից մի հատված Վիլյամ Սարոյանի մասին՝ Ապագայի աղջիկները…, և կատարիր նյութից հետո տրված առաջադրանքները:

Սեպտեմբերի 6

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Պատասխանիր հարցերին:

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները. ներողամիտ եղիր, մոտալուտ մահը, օր ու արև չտեսնել, ցավ պատճառել, ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա, վերք հասցնել, շունչը փչել:
  2. Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին:
  3. Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին, կրիային:
  4. Ո՞րն է առակի իմաստը:
  5. Հետևյալ բառերից կազմեք նախադասություններ՝ անհրաժեշտության դեպքում փոխելով բառերի վերջավորությունները:
    • Որսորդ, գնդակ, վիրավորել, առյուծ:
    • Կրիա, սողեսող, մոտենալ, առյուծ:
    • Առյուծ, վիրավորվել, կրիա, խոսքեր:

Սեպտեմբերի 5

Ամառային հարցաշար. լրացրու հարցաշարը և տեղադրիր քո բլոգում՝ կցելով քո լուսանկարներից մեկը:

Կարդա Վիլյամ Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան»:

Սեպտեմբեր 4

Դասարանում

Բանավոր խոսքի մշակման աշխատանք. ռադիոնյութի ստեղծմում:

Տանը՝ 

Առաջին դպրոցները.

Ովքեր չէին կատարել առաջադրանքները. նորից ընթերցեք, կատարեք առաջադրանքները:

Реклама