Հովհաննես Թումանյան Գելը

Շորագյալցի Ավոյի պատմությունից հետո խոսքն ընկավ գիլի ոհմակի (բոլուկի) վրա։

Երկար ձմեռներն ու ապրուստի դժվարությունն են պատճառը, որ գելերը ոհմակ են կազմում,- բացատրում էին գյուղացիք։

Ոռնում են, իրար կանչում, հավաքվում, միանում, որ ուժեղ լինեն թե՛ հարձակվելու և թե՛ հարձակման դիմադրելու ժամանակ։

Ամեն մինը մենակ հեշտ կհա□թվի ձմեռն ու կկորչի, քան թե խմբով, և ամեն մինը մենակ չի կարող էն ճանկել, ինչ որ կճանկի խումբը։

Եվ հավաքվում են հիսունով, հարյուրով, մի քանի հարյուրով։

Սարսափելի բան է գիլի ոհմակը, մանավանդ էդ լինում է ձմեռը, գիլի ամենաքաղցած ժամանակը, եր□ շատ անգամ գելը քաղցից կատաղում է։  Երբ ոհմակով մի տեղ կանգնում են հանգստանալու՝ շրջան են կազմում ու էնպես են վեր թափում, որ իրար երես պահեն, չեն հավատում մեկմեկու։ Վախենում են իրար ուտեն։ Բայց ոմանք էլ ասում են՝ նրա համար են էդպես անում, որ իրար տեսնեն ու հարկավոր դեպքում իսկույն նշան տան իրարու, և իբրև թե բոլորը նայում են իրենց գլխավորին։

Գիլի համար մութը, ճամփի դժվարությունը, հեռավորությունը ոչ մի նշանակություն չունեն։

Գելն էնքան արագավազ է, որ մի գիշերվա մեջ երեք–չորս օրվա ձիու ճամփա կկտրի: Իսկ գիլի սրատեսության վրա էսպես մի զրույց կա ժողովրդի մեջ։

Ասում են՝ մի անգամ արծիվն ու գելը վեճի բռնվեցին, թե իրենցից ո՛րն է ավելի սրատես։ Գելն ասավ՝ մի ա□պոտ օր ես սարի գլուխն ելա, ամպի միջով մտիկ արի տեսա՝ հեռու մի դաշտում մի սև ցելի (վարած հողի) մեջ մի ակոսում մի սև գառն է նստած։

Արծիվն էլ թե՝ ես էլ երկնքի երեսն ելա, ներքև մտիկ արի, մի ծխնելույզի միջից տեսա կրակի վրա դրած մի պղինձ՝ խուփը վրեն։ Խփան ճեղքիցը նայեցի, տեսա պղնձի միջին կաթը, կաթնի երեսին էլ մի սիպտակ մազ։

Էսքան արագավազ ու սրատես գազան է գելը։ Եվ էս ամենի հետ միասին՝ շատ խորամանկ։

Նա մինչև լավ չիմանա, որ հարձակումն ապահով է, չի հարձակվիլ։ Ուրիշ բան է, եթե սովից խելագար մի գել իրեն կորցրած գցի ափաշկարա վտանգի մեջ․ բայց սովորաբար գելը շատ է զգույշ ու խորամանկ։

Մի գյուղացի էսպես պատմություն արավ։ Ասում է՝ մի տարի թակարդ էի լարել։ Առավոտը վաղ վեր կացա, գնացի տեսա մի գել է ընկել մեջը։ Միայն ոտիցն է ընկել, ու ոտը փշրվել է, սատկել է։ Վեր կալա թակարդիցը հանեցի, էն կողմը գցեցի։ Մինչև գլուխս կախ ես թակարդովն էի եղած, մին էլ տեսնեմ՝ վեր կացավ կաղին տալով փախավ։ Հա՛յ, հայ, հա՛յ, էլ ո՞րտեղ, իրեն տվեց անտառը։ Դու մի՛ ասիլ անտերը ստամեռնուկ տված է եղել։

Գիլի ոհմակն էլ, ձմեռը ճամփա կտրելիս իրար ետևից է գնում- ծլլաշարուկ, ու միշտ ամենից ուժեղն ու փորձվածը առաջին է գնում։ Եվ սա երկու հարմարություն ունի նրանց համար։ Մին, որ առաջի գնացողները ձնի մեջ կոպար (շավիղ) են բաց անում, ետևից եկողների համար բաց–պատրաստ ճամփա է լինում, մին էլ՝ որ ոչ ոք չի կարող իմանալ, թե իրենք քանիսն են եղել։ Եվ էդ է պատճառը, որ ոչ մի որսկան չի կարող ասել, թե էս ոհմակը, որ անցել է, քանի գել է եղել մեջը։

Աստված հեռու տանի, թե ոհմակի աչքովը մի որս ընկավ։ Ուրիշ գազան լինի, թե ընտանի կենդանի, իսկույն չորս կողմից շրջապատում են, ու էլ փրկություն չկա։ Իսկ կճղակավորներին, հատկապես եղնիկներին ու եղջերուներին, քշում են դեպի սառած գետերը, սաոույցի վրա ճղատում ու վրա թափում կամ քշում են դեպի բար□ր ժայռերը, ժայռերից թռցնում ու իջնում ներքև լափում։

Ոհմակը վտանգավոր է և մարդու համար։ Եթե բազմություն չեղավ՝ մի կամ երկու մարդից ոհմակը չի վախենալ, թեկուզ հրացան ունենան։ Մինչև անգամ հրացանն ավելի վտանգավոր է։ Հրացան արձակես թե չէ, իսկույն կհարձակվեն։ Հիմի կասեք՝ հապա ինչի՞ց է վախենում գելը։

Էս մասին գյուղացիք մի քանի պատմություն արին։

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

2.Գրի՛ր տրված բառերի հականիշները:
ա) կարճ —
բ) թույլ    —
գ) մոտ —
դ) ցածր-

  1. Ասացվածքների երկու մասերը միացրո՛ւ և գրի՛ր դեմ դիմաց:
    ա) Մինչև ճշմարիտը գա,
    բ) Քեզ համար քնում ես,
    գ) Մեծին հարգիր,
    դ) Լավ բան ասա,

որ մեծանաս
որ լավ բան լսես
ուրիշի համար երազ տեսնում
սուտը աշխարհը կքանդի

  1. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող ստամեռնուկ բառը:
  2. Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածված չորս բառ:
  3. Դո՛ւրս գրիր տեքստում ընգծված բառերը՝ դիմացը գրելով, թե որը ի՞նչ խոսքի մաս է:
  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Թև ունի, թռչուն չէ,
    Միջատ է, մրջյուն չէ,
    Աշխատում է օրնիբուն
    Բերքը տաիս է մարդուն:
  2. Նախադասություններն ըստ հաղորդակցման լինում են.
    ա) երկու տեսակ
    բ) հինգ տեսակ
    գ) երեք տեսակ
    դ) չորս տեսակ
  3. Ինչո՞ւ են գայլերը ոհմակ կազմում:
  4. Ինչպիսի՞ կենդանի է գայլը (բնութագրի՛ր տեքստի բառերով):
  5. Ինչպե՞ս է շարժվում ոհմակը ձմռանը:
  6. Ինչո՞ւ է վտանգավոր գայլը մարդու համար:
  7. Ուրիշ ի՞նչ գիտես գայլերի մասին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s