«Հազարան հավք»

ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Հարցեր և  առաջադրանքներ՝

  1. Բացատրիր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:
  2. Սրտի մասին գրիր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր Դարձվածաբանական բառարանից:
  3. Գրիր կարմիրով նշված բառերի կազմությունը:
  4. Գրիր մուգ գրված բառերի և արտահայտությունների հոմանիշները:
  5. Գրիր կանաչով նշված բառերի հականիշները:
  6. Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրիր նրանց:
  7. Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:
  8. Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածիր:
  9. Կարդա հաջորդ հատվածը՝ Պառավի անեծքն ու այգու չորանալը:

ՊԱՌԱՎԻ ԱՆԵԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Լուսաբացին պառավը վեր է կենում, ձեռները դեպի երկինք տարածում ու ճառագած արևի դեմը կանչում-անիծում է.
— Ո՜վ լուսեղեն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստված
Դու, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծեր, ծովերն անտակ,
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսիր ծերացած խեղճ մոր անեծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց`
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպես որդիս իր մոր գրկին
Գնա՜ց` կարոտ՝ աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կյանքից
Կարոտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք` գազան` չար ու ապուշ:
Պառավն անիծում է թե չէ, Աստծու հրամանով Այգին չորանում է. կանաչ տերևը թափվում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թավուտներն ու սկսում են հոշոտել իրար և` ում կարողանան:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածից դուրս գրիր դարձվածքներ:
  2. Անեծքի հակառակը օրհնանքն է, ի՞նչ օրհնանքներ մաղթանքներ գիտես, գրիր:
  3. Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:
  4. Պտուղ, այգի, աշխարհ, լույս, չար բառերից կազմիր բարդ բառեր:
  5. Արև, հող, ջուր բառերը դարձրու ածանցավոր:
  6. Դարձվածաբանական բառարանից դուրս գրիր դարձվածքներ գլխի մասին:

ԾԵՐՈՒՆԻ ՀՐԵՇՏԱԿԸ

Լուրը գնում է հասնում Արան թագավորին: Զարհուրում է ծերունի թագավորը իր ոսկի գահի վրա: Հրաման է հանում, կանչում, հավաքում իր տերության աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
— Ձեզանից ո՞վ է տեսել կամ ո՞վ է իմացել էս տեսակ մի բան, էսպես մի տեսիլք: Էս ի՞նչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրա: Ի՞նչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնա, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագավորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցավի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր հետո հետ են գալիս, թե` թագավորն ապրած կենա, չգտանք: Թագավորը մենակ փակվում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ հանկարծ նրա առջև հրաշքով հայտնվում է մի սպիտակահեր՝ ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկա ծերունի: Ասում է.
— Արան թագավոր, քո ցավի ճարը Հազարան Հավքն է, որ երգում է հազար ձենով ու հազար ձևով ու երգի հետ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով: Եթե Հազարան Հավքը մի օր արշալույսին երգի քո Այգում, Այգին կկանաչի, փուշը վարդ կծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գել ու արջ, նորից կդառնան մարդիկ՝ ազնիվ, լավ ու բարի մարդիկ:
— Բայց ո՞ր երկրում, ո՞ր անտառում, ո՞ր սարում է երգում Հազարան Հավքը,- հարցնում է Արան թագավորը:
— Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհքում,- պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքվում թագավորի աչքից:

Հարցեր և առաջադրանքներ՝ (հարցերը կազմել են սովորողները)

1.Հատվածից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
2.Տեքստից դուրս գրիր եզակի թվով դրված 5 գոյական և դարձրու հոգնակի:
3. Բնութագրիր Արան թագավորին:
4. Այս հատվածում ինչը կփոխեիր և ինչո՞ւ:
5. Վերնագրիր այս հատվածը բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:
6. Համառոտ պատմիր այս հատվածը:
7. Եթե դու լինեիր թագավորի փոխարեն, ի՞նչ կանեիր:
8. Կարդա հաջորդ հատվածը:

ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

Արան թագավորը երեք որդի է ունենում` մեծ,  միջնեկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագավորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում: Ասում է.
— Այ որդիք, տեսնո՞ւմ եք, մեր տերության զարդն ու փառքը փչացավ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հավքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք եք, նժույգները նստեք, զենքերն առեք, գնացեք Կախարդական աշխարհքը, Հազարան Հավքը գտեք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնա, գազանը` մարդ:
Հետո միտք է անում ու ավելացնում.
— Իսկ դու, Արեգ, դեռ փոքր ես, մնա տանը :
Մեծ տղեն ու միջնեկ տղեն ձի են նստում, ճամփա ընկնում: Փոքր ախպերն էլ է ուզում գնա, չեն թողնում: Բայց չի լինում. ինչ անում-չեն անում, չեն կարողանում հետ պահել. սա էլ վեր է կենում նրանց հետևից գնում:

  1. Հատվածից դուրս գրիր 7 անձնանիշ գոյական:
  2. Հատվածից դուրս գրիր 10 իրանիշ գոյական:

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱ ԾԵՐՈՒՆԻՆ

-Որտե»ղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհ, քեզ են գալիս:

Գնու՜մ, գնու՜մ, շատ են գնում, թե քիչ, էդ էլ Աստված գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփա բաժանվում են. մեկը` մեծ, մեկը` միջնեկ, մեկն էլ` նեղ: Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:
— Բարի  օր,- ասում են,- պապի, էդ ի՞նչ ես անում:
— Գիշեր-ցերեկ եմ կծկում, որդիք. գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում:
— Հապա էս ճանապարհները ո՞ւր են տանում,- հարցնում են տղերքը:
— Էս լեն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղություն չի պատահի. ով գնացել` հետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է հետ գալ, կարող է հետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչև օրս հետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ հետ չի եկել:
Առաջ մեծ ախպերը մեծ ճամփեն բռնում է գնում: Հետո միջնեկ ախպերը միջնեկ ճամփեն է ընկնում գնում: Արեգն էլ ուզում է նեղ ճամփով գնա, ծերունին ասում է.
— Մեղք ես, թագավորի տղա,  հետ դարձիր էդ ճամփից,քանի ուշ չի, դարձիր գնա քո աշխարհքը, քո հոր տունը, ի՞նչ ես քո մահի հետև ման գալի:
— Չէ, պապի,- ասում է Արեգը,- ինչ էլ որ լինի, պետք է գնամ: Մեր Անմահական Այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պետք է գնամ Կախարդական աշխարհից Հազարան Հավքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնա, գազանը մարդ դառնա:
— Հա, հա, հա, հա,- քահ-քահ խնդաց հսկա ծերունին,- ոչ մի հողածնի ոտք չի դիպել Կախարդական աշխարհին, ոչ մի աչք չի տեսել:
— Խիզախ տղա, սարեր կան էն ճամփեն կապած` թռչունը չի անց կենում, խոր անդունդներ կան, որ նայելիս մարդու աչք է սևանում, հուր անապատ, որն անցնելիս ամբողջ կյանքդ հերիք չի, ամեն քայլում` դև ու հրեշ, ամեն կողմից` փոթորիկ. օձն իր պորտով, հավքն իր թևով չի հասնի էնտեղ…
Արեգը առաջ է գալիս ու կանչում.
— Ի¯նչ են դևեր ու հրեշներ, երկյուղ չունեմ ես, պապի, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հավքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնա:
— Դե որ էդպես է,- ասում է ծերունին,- արի քեզ օրհնեմ, կտրիճ տղա, ծերիս օրհնանքը թող լինի քեզ հետ. բարով դու հասնես Կախարդական աշխարհք, լեռներ, անդունդներ հարթվեն առաջիդ, դևեր, հրեշներ դառնան անվնաս, կասկած ու երկյուղ երբեք չիմանաս: Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դեպի Կախարդական աշխարհ:

  1. Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դուրս գրիր այդ հատվածը:
  2. Երեք ճամփաներից դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:
  3. օրհնանք, կախարդական, ծերունի բառերից առանձնացրու ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր երեք բառ:
  4. սպիտակամորուս, ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության:
  5. Հատվածը պատմիր ծերունու անունից:

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.
— Ափսո՜ս, կտրիճ, ա¯խ, ուր եկար էս աշխարհքը` սև ու մութ: Փախիր արագ, անահ տղա, սիրուն տղա, թե չէ ուր որ է Սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի քեզ…
— Սիրուն աղջիկ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես լալիս,- հարցնում է Արեգը:
— Սև դևն եկավ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեց-բերեց, էս սև բանտում փակեց, զրկեց պայծառ արևից, լույսից… Նրա ժամն է, հիմա որսից կգա: Փախիր, փախիր, կտրիճ տղա…
— Ես վախ չունեմ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ինչ սև հրեշ կուզի թող գա, դու ինձ ասա` որ կողմից է դևը գալու…
— Էն սև սարի տակից կերևա. յոթը ագահ գլուխ ունի, մեջտեղի գլխին պիտի զարկես մեկ անգամ, ու որ դևը խնդրի քեզ, թե` մին էլ, մին էլ զարկի, էլ չզարկես, հիշիր, էլ չզարկես, կտրիճ տղա…
Հանկարծ Սև աշխարհքը ավելի մթնեց, դևի ձենից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մեկ էլ սև ամպի նման եկավ յոթ գլխանի Սև դևը` բերանից սև կրակ շաղ տալով, եկա¯վ, եկա¯վ, Արեգին տեսավ ու գոռաց.
— Ո՞վ ես դու, այ հողածին, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ո՞նց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կթողամ…
— Արեգն եմ ես, քո սև մահն եմ բերել,- կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սև դևի մեջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թավալվում է գետնին ու շունչը փչելով` մռնչում.
— Մին էլ զարկիր, մին էլ…
— Ես իմ մորից մին եմ ծնվել,  մի խոսք ունեմ ու մի զարկ,- ասում է Արեգը, ու Սև դևը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սև դևը սատկում է թե չէ, արև է բացվում Սև աշխարհքի վրա: Էստեղ աղջիկը խնդրում է, թե` ինձ էլ տար քեզ հետ, կտրիճ տղա, ես քոնն եմ:
— Չէ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ես պետք է գնամ Հազարան Հավքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա:
Էստեղ հանկարծ աղջիկը մի հավք է դառնում ու թռչում-գնում ծլվլալով.
-Ա՜խ, երանի՜ թե մի անգամ դու ընկնեիր Մշտադալար Այգին, մեզ մոտ…
Էստեղից Արեգը շարունակում է իր ճամփեն:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:
  2. Գրիր մգեցված գոյականների հոլովը:
  3. Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, մեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները:
  4. Հատվածը պատմիր աղջկա անունից:

ԱՐԵԳԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:
Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:
  2. Հոլովիր քար, աղջիկ, քամի, ձի, ծով, երկինք բառերը:
  3. Նամակ գրիր Արեգին:
  4. Հատվածը պատմիր Արեգի անունից:
  5. Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:
  6. Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:
  7. Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:
  8. Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:

ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Շատ գնաց Արեգը, թե քիչ գնաց, վերին Աստված միայն գիտի, գնա՜ց, հասավ Կարմիր աշխարհ: Հասավ Կարմիր աշխարհ. երկինքը` կարմիր, գետինքը` կարմիր, ջուրը` կարմիր, խոտը` կարմիր, ծաղիկը` կարմիր: Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացավ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մոտ: Առաջ գնաց Արեգը, գնաց, տեսավ` քաղաքի առջև ժողովուրդ է հավաքված: Բոլորն արնագույն շոր հագած, իրենց ծեր թագավորըգ քաղաքի դիմացի սարի դեմուդեմը կանգնած, բռունցքներն առաջ պարզած, կանչում է.
— Դուրս թող իմ աղջկան, անիրավ, արձակիր իմ աղջկան, անգութ: Բաց թող,  հետ տուր իմ ծերության խնդությունը, իմ աչքի լույսը, կյանքի հույսը…
Եվ դիմացի սարի քարայրից ծուխ ու կրակ է բարձրանում, ու բարձր հռհռոց է լսվում:
— Էս ի՞նչ է նշանակում,- հարցրեց Արեգը մի ծեր մարդու,- ի՞նչ է կանչում ձեր թագավորը, էն ի՞նչ ծուխ ու բոց է, էն ո՞վ է հռհռում թագավորի անզոր կանչի վրա…
— Էն սարի մեջ, էն մութ քարայրում բուն է դրել սարսափելի վիշապը` Քավթառ Քուրսին,- պատասխանեց ծերունին,- նա հափշտակել ու տարել է մեր թագավորի մինուճար աղջկան` սիրուն Վարդերին: Շատ քաջեր ու կտրիճներ գնացին, ոչ ոք չկարողացավ ազատի թագավորի աղջկան: Բոլորն էլ գնացին ու հետ չեկան: Հիմա էլ ծերունի թագավորը հուսահատ կանչում է վիշապի քարանձավի դիմաց, վիշապն էլ հռհռում է թագավորի վրա: Էսպես պատմեց ծերունին, ու Արեգն առաջ անցավ, հասավ թագավորին, երեք անգամ գլուխ տվեց, վրա երրորդին ասաց.
— Թագավորն ապրած կենա, իրավունք տուր ինձ` գնամ, սպանեմ չար վիշապին ու ազատեմ քո գեղեցիկ աղջկան:
— Մեղք ես, ա՜յ որդի,- ասաց դժբախտ թագավորը,- քեզ նման շատ կտրիճներ ու շատ զորքեր եմ ուղարկել. ամենքը ջարդվել, ջնջվել են: Անիրավը քարանձավից հուր ու բոց է ժայթքում, ամենքին հող ու մոխիր է դարձնում:
— Ես կազատեմ քո աղջկան,- կրկնեց Արեգն ու գնաց դեպի վիշապի քարանձավը: Անցավ իրենից առաջ գնացած մարդկանց մոխիրների միջից, մոտեցավ քարանձավի դռանը: Հանկարծ մի խուլ որոտ լսվեց, ու դուրս ժայթքեց հուր ու բոց հրեղեն շնչի հետ: Արեգն անահ մտավ կրակի մեջ ու առաջ գնաց. կրակից պաշտպանվելու հրաշագործ աղոթքը գիտեր, աղոթելով անցավ ու ներս մտավ: Ներս մտավ, տեսավ քարանձավի մթում կուտակված մի այլանդակ պառավ. քիթը գետնին է հասնում, ժանիքները գլխից վերև են բարձրացել, խռիվ մազերը ցից-ցից` անտառի նման, մի աչք ունի, ու էդ մի աչքը կրակի նման վառվում է արյունոտ ճակատի վրա, իսկ բերանից հուր ու կրակ է թափում: Պառավ Քուրսին Արեգին տեսավ թե չէ, գոչեց.
— Հետ դարձիր, անահ տղա, հե՜տ դարձիր, թե չէ կայրե¯մ, կխորովե¯մ քեզ, հող ու մոխիրդ քամուն կտամ…
Արեgը պատասխանի փոխարեն քաշեց իր զիլ աղեղը, նետը շառաչելով զարկեց Քավթառի կրծքին ու մեջքից դուրս եկավ. բոցը հանգավ, ծուխը ցրվեց: Արեգն առաջ անցավ, տեսավ շղթաներով ամուր կապված երկու գեղեցիկ աղջիկ: Թրով զարկեց, շղթաները փշրեց ու աղջիկներին քարանձավից դուրս բերեց արևի լուսը: Դուրս բերեց թե չէ, աղջիկներից մեկն ասաց.
— Մշտադալար Այգու թագավորի աղջիկն եմ ես: Դու ինձ ազատեցիր, սիրուն տղա, երանի մի անգամ գաս մեր երկիրը, որ ես էլ քեզ մի լավություն անեմ:
Ասաց, մի մատանի գցեց Արեգի վրա ու ծիտ դարձավ, ծլվլալով թռավ-գնաց: Արեգն առավ Վարդերին, բերեց տվեց իր հորը` ծերունի թագավորին: Թագավորը գրկեց իր աղջկան, գրկեց Արեգին ու ասաց.
— Քաջ ու անահ տղա, արի ամուսնացիր իմ գեղեցիկ Վարդերի հետ, եղիր իմ ժառանգն ու իմ որդին ու թագավորիր իմ տեղը:
— Չէ,  ես ոչ կին եմ ուզում, ոչ թագավորություն,- պատասխանեց Արեգը,- ես նպատակ ունեմ, իմ նպատակի հետևից եմ գնում: Երկնքի երեսին լինի, թե գետնի տակին, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր աշխարհքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Կա՞ մեկը ձեր աշխարհքում, որ գիտենա, թե որտեղ է գտնվում Հազարան Հավքը:
— Իմ թագավորության մեջ շատ որսորդներ կան ու շատ մարդիկ, որ հասկանում են թռչունների լեզուն. նրանք կգտնեն քո թռչունը,- ասաց թագավորն ու հավաքեց իր տերության բոլոր աշխարհք տեսած մարդկանց ու հին որսկաններին: Բայց ամենքն էլ հայտնեցին, թե ոչ միայն Հազարան Հավքի տեղը չգիտեն, մինչև անգամ անունն էլ չեն լսել: Մնաս բարով արեց Արեգը թագավորին ու ժողովրդին ու էս քաղաքից էլ դուրս եկավ: Գնաց մի դաշտ, ձիու մազը կրակին տվեց թե չէ, Քամի Ձին հայտնվեց առաջին:
— Ինձ տար հուրի-փերիների, լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին,- հրամայեց Արեգը:

  • Հատվածը համառոտ՝ 5-7 նախադասությամբ փոխադրիր:

ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ

Քամի Ձին Արեգին բարձրացրեց օդ ու սուրաց կայծակի ու փոթորկի նման դեպի լուսեղեն ոգիների Մշտադալար Այգին: Էնտեղ անվերջանալի կանաչ-կարմիր գարուն էր ու լույս: Անթառամ այգիների երփներանգ, բուրավետ ծաղիկների մեջ փայլատակում էին շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զվարթ աղմուկով երգում էին դրախտի հավքերը: Ցած իջավ Արեգը սարից, մտավ Մշտադալար Այգին ու քիչ մնաց խելքը գլխիցը թռչեր անմահական ծաղիկների անուշ բուրմունքից, դրախտային հավքերի երգերից ու փիրուզե շատրվանների մեղմ խոխոջներից: Ու ոչ մի արարած, ոչ մի մարդկային ձեն: Երջանկությունից արբած ու վերացած` Արեգը մտավ զմրուխտյա ու բյուրեղյա ապարանքը: Մի սեղան է բաց արած` Աստծո ամեն բարին մեջը, ու էնտեղ էլ դարձյալ ոչ ոք չկա: Շատ սպասեց, թե քիչ, հանկարծ հեռվից մեղմ ու անուշ երաժշտության և ուրախ, հնչուն ծիծաղի ձայներ լսվեցին: Ձայները հետզհետե մոտեցան: Արեգը թաքնվեց ու սպասեց: Տեսավ` իրար հետևից եկան երեք խումբ հուրի-փերիներ, ու ամեն խմբի մեջ` մի-մի անտես-աննման թագուհի: Երեք խումբն էլ ներս մտավ, երեք թագուհիները բազմեցին, ու մյուսներն էլ` նրանց շուրջը: Ու քնքուշ, զվարթ աղմուկով լցվեց էն զմրուխտյա ապարանքը: Սկսեցին ուտել, խմել, ուրախանալ: Ուրախության ժամանակ վեր կացավ էն երեք թագուհիներից մեկը, նեկտարի բաժակն առավ ու էսպես խոսեց.
— Անուշ քույրեր, էն տղի կենացը, որ ինձ ազատեց Սև դևի գերությունից, արև ու լույս տվեց մութ աշխարհքին: Ա¯խ, երանի թե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ կողմերում, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել:
Ամենքը խմեցին երկնային նեկտարը և գովեցին էն կտրիճի քաջությունը, որ իրենց քրոջն ազատել էր Սև դևի գերությունից: Հետո ոտքի կանգնեց երկրորդ քույրը, բաժակը բարձրացրեց, ասաց.
— Երկաթե Ձեռքն ինձ գերել ու գերի էր արել ծովի հատակին: Էս բաժակն էլ խմենք էն հերոս տղի կենացը, որ խորտակեց Երկաթե Ձեռքին, ինձ ազատեց նրա գերությունից, իսկ Կապույտ աշխարհի խեղճ ժողովրդին փրկեց սովից ու մահից… Ա¯խ, երանի թե մի օր մեր դյութական աշխարհքը գար նա, որ ես էլ կարողանայի նրան լավություն անել…
Ամենքը խմեցին երկնային նեկտարը, գովեցին հերոսի սիրտն ու զորությունը ու ցանկացան, որ օրերից մի օր նրան տեսնեին: Ապա վեր կացավ երրորդ քույրը:
— Քույրեր,- ասաց,- էս բաժակն էլ խմենք էն ազնիվ հերոսի կենացը, որ սատկացրեց Քավթառ Քուրսի հրեշին ու ինձ ազատեց նրա մութ ու զարհուրելի քարանձավի գերությունից: Ա¯խ, երանի թե նա էլ մի օր ընկներ մեր մշտադալար աշխարհքը, որ կարողանայի իր արած լավության դիմաց ես էլ նրան լավություն անել:
Ամենքը միասին էս կենացն էլ խմեցին, գովեցին հերոսի ուժն ու արիությունը ու շատ ցանկացան, որ սրան էլ մի օր տեսնեին:
— Ա¯խ,- շարունակեց փոքր քույրը,- եթե երբևիցե նա հայտնվեր մեր երջանիկ աշխարհքում, ես կխնդրեի մեր հորը, որ թողներ նրան` միշտ ապրեր մեր դրախտում ու վայելեր մեր Մշտադալար Այգու վայելչությունը: Բայց, ափսո¯ս, օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մեզ մոտ հասնել…
Էս խոսքի վրա Արեգը դուրս եկավ իր թաքստոցից ու կանգնեց լուսեղեն աղջիկների առաջին: Ամենքը միասին վեր թռան, ճչացին ահից ու զարմանքից: Արեգը ցույց տվեց նրանց տված մատանիները: Նայեցին, ճանաչեցին իրենց ազատարարին ու էնպես մի խելագար խնջույք սարքեցին, որ ոչ լեզվով պատմել կլինի, ոչ գրչով նկարագրել: Հետո հարցրին, թե ինչպես է եղել, որ իրենց աշխարհքն է ընկել Արեգը, ուր է գնում, ինչու է գլուխը տվել փորձանքների ու զրկանքների: Եվ երբ իմացան, որ Հազարան Հավքի հետևից է գնում, շատ խնդրեցին, որ հետ կենա էդ վտանգավոր մտքից, որովհետև անհնար է, ասին, ձեռք բերել Հազարան Հավքը:
— Մնա մեզ մոտ,- ասացին նրանք,- մնա մեզ մոտ` միշտ ուրախ ու երջանիկ, անհոգ ու զվարթ…
— Ոչ,- պատասխանեց Արեգը,- ես նպատակ ունեմ, պետք է գնամ իմ նպատակի հետևից: Պետք է գտնեմ Հազարան Հավքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ: Ու քանի դեռ իմ նպատակին չեմ հասել, ոչ վայելչություն կա, ոչ հանգստություն ինձ համար: Հուրի-փերիները, երբ որ տեսան Արեգն իր ճամփից հետ չի դառնալու, էն ժամանակ ասին.
— Հազարան Հավքը պահվում է Կախարդական անմեռ աշխարհում` կախարդական ապարանքի մեջ, ուր քնած է Հազարան Հավքի Տիրուհին: Սիրուն տղա, դու պետք է գնաս Սպիտակ աշխարհ, անցնես Սպիտակ ծովը, մտնես Կախարդական աշխարհ ու անցնես Սև քարերը,  Լեղի գետը, փշոտ անապատը, հասնես Տաճարին, ուր պահված է Հազարան Հավքը: Բայց իմացիր, դեռ ոչ մի հողածին հետ չի եկել այնտեղից, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Տաճարի աստիճաններին: Գնա, արի Արեգ, Քամի Ձին քեզ կտանի մինչև Սպիտակ աշխարհ, Սպիտակ ծովի մոտ…
— Է¯յ, Քամի¯ Ձի,- ձայն տվին հուրի-փերիները, և Քամի Ձին հայտնվեց Արեգի առջև:
Արեգը շնորհակալություն հայտնեց հուրի-փերիներին, մնաս բարով ասեց, հեծավ Քամի Ձին, բռնեց ոսկի սանձն ու սուրաց երկնքով դեպի Սպիտակ աշխարհ:

  1. Հատվածիդ դուրս գրիր ածականները:

ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա¯վ, թռա¯վ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը` սպիտակ, ջուրը` սպիտակ, խոտը` սպիտակ, ծաղիկը` սպիտակ: Իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագավորությունը, էս սահմանից դենը սկսվում է Սպիտակ աշխարհը,- ու ձայն տվեց.
— Ձո¯ւկ ախպեր…
Ջրերն ալեկոծվեցին, ու ծովը ծռթռալով Ձուկը եկա¯վ, թե` հը, Քամի Ձի ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ¯, սրան պետք է տանես ծովի մյուս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հավքին է ման գալի. Մշտադալար Այգու հուրի-փերիներն են ուղարկել, որ Հազարան Հավքի տեղն ու պատմությունը սրան հայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թե` այ տղա, արի բերանս: Արեգին բերանն առավ, տարավ, հասցրեց ծովի մյուս ափը: Ձեն տվեց` Աժդահա¯… Աժդահեն եկավ մի գազանի նման: Արեգին տեսավ թե չէ, աղաղակեց.
— Հը, Ձուկ ախպեր, էդ ի՞նչ է, հափշտակե՞մ դրան:
— Չէ,- պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպերը բերեց. հուրի-փերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լավությունը նրանց է հասել: Սրան պետք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հավքի տեղն ու պատմությունն անես, որ գնա գտնի: Աժդահեն ուսն առավ Արեգին, տարա¯վ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպես արեց Հազարան Հավքի տեղն ու պատմությունը .
— Էստեղից Հազարան Հավքի Տիրուհու տերության սահմանն է սկսվում: Կգնաս` առաջդ մի սար կգա` լիքը սև-սև քարերով: Սարը, որ անցնելու լինես, սև-սև քարերը ամեն տեսակ ձեներով, քո հարազատների ձեներով էլ կկանչեն, էն տեսակ ձեներ կհանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող հետ չնայել: Դու հետ չնայես. նայես թե չէ, դու էլ սև քար կդառնաս: Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կգա: Հազարան Հավքի Տիրուհին նրա ջուրը աղի-լեղի թույն է դարձրել: Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պետք է բացականչես.
-Ա¯խ, ինչ անմահական ջուր է:
Գետը կանցնես, կընկնես մի անծայրածիր անապատ` լցված ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով: Դու փուշը կպոկես, հոտ կքաշես ու կասես.
-Ա¯խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ որ անցնես, աչքիդ կերևա Հազարան Հավքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կգան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կկտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կհորինեն քո առաջին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում կխնդան: Բայց դու չպետք է ծիծաղես. եթե ծիծաղեցիր, իմանաս, որ քեզ կհաղթեն ու կոչնչացնեն: Հենց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինները, քեզ ծաղր կանեն, կհայհոյեն, կթքեն… Ոչ մի պատասխան, ոչ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից. սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թե նրանց միջից անցնես, բոլորը կլռեն, և դու, անփորձանք ապարանքին կհասնես: Անձեռակերտ, լուսեղեն ապարանքի  դռների երկու կողմերում կտեսնես պահապաններ խոյին ու առյուծին: Խոյի առջև միս է դրված, առյուծի առջև` խոտ: Դու տեղերը կփոխես. միսը կվերցնես, առյուծի առաջը կդնես, խոտը կվերցնես, խոյին կտաս, ճամփա կտան, կանցնես : Կմոտենաս ապարանքի դռներին, կտեսնես` դռան մի փեղկը փակ է, մյուսը` բաց: Բաց դուռը կփակես, փակը կբանաս ու ներս կմտնես: Կանցնես յոթ վարագույրներից: Էնտեղ` յոթ վարագույրների հետևում, անպարան կախված ոսկե վանդակի մեջ երգում է Հազարան Հավքը և երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հավքի մոտ` իր լուսեղեն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կվերցնես ու դուրս կգաս, միայն լավ իմացիր ու միշտ միտդ պահիր, հիշիր, որ չլինի թե նայես Տիրուհուն կամ մոտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանա նրա տարաշխարհիկ գեղեցկությանը: Կկախարդվես նրա գեղեցկության թովչանքից ու կզրկվես էն Հավքից ու քո կյանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը հետևիցդ ձեն կտան.
-Տարա¯վ, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենի¯ն:
Դու հետ չնայես, թե չէ դարձյալ քո մահն է: Էսպես պատմեց, խրատեց Արեգին Աժդահեն ու ճանապարհ դրեց:

ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստված կանչեց ու գնաց:
-Հե¯յ, Կախարդական աշխարհ, ո՞ւր ես, քեզ եմ գալի: Գնա¯ց, գնա¯ց Արեգը, հասավ Սև-սև քարերին: Ի¯նչ զարհուրելի, ի¯նչ անմարդկային ձեներ հանեցին Սև-սև քարերը: Տեսան, որ Արեգը հետ չի նայում, գոռացին.
-Բռնեցի¯նք, ըհը, բռնեցի¯նք:
Էլ ճղճղացին, էլ հարազատների ձեներով աղերսագին օգնություն կանչեցին… Արեգն առանց հետ նայելու անցավ, ու ձեները լռեցին: Գնա¯ցգ հասավ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա¯խ, ի¯նչ անմահական ջուր է,- ու գետն անց կացավ: Մտավ անծայրածիր փշոտ անապատը, ոտքերն արյունոտելով` փշերի միջով առաջ անցավ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասաց.
— Ա¯խ, ի¯նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցավ, հեռվում երևաց Հազարան Հավքի Տիրուհու լուսեղեն, անձեռակերտ ապարանքը: Հանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարյուր տարվա մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցավ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյել, թքել, ծաղրել, թե` մի սրան տեսեք, սա՞ է ուզում Հազարան Հավքը տանել…
Արեգը սիրտը սևացրեց, հանգիստ ու խաղաղ անցավ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքվեցին: Հասավ Արեգն անձեռակերտ, լուսեղեն ապարանքին: Տեսավ պահապաններ խոյին ու առյուծին: Միսը վերցրեց խոյի առջևից, տվեց խոյին ու անվնաս առաջ անցավ: Մոտեցավ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտավ Տաճարից ներս, անցավ յոթ վարագույրների միջով ու հայտնվեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենյակում:

ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ ԵՎ ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ՏԻՐՈՒՀԻՆ

Էնտեղ` ոսկի մահճակալի վրա` լուսեղեն անկողնում, քնած էր հրաշագեղ Տիրուհին: Նրա ճակատին աստղ էր փայլում,  կրծքին` մահիկաձև լուսինը, գլխավերևում վառված էր ոսկե մոմակալով մոմը, ոտքերի տակ` արծաթե մոմակալով մոմը, մատին մատանի կար: Աղջկա գլխավերևում առանց պարանի կախված ոսկե վանդակի միջին երգում էր Հազարան Հավքը, ու նրա երգի հետ մշտադալար բուրյան վարդի փնջեր էին թափվում բերանից: Արեգը մոտեցավ, որ վերցնի վանդակը ու չդիմացավ. ինքն իրեն մտածեց, թե` էս Հավքն է, որ արդեն տանում եմ, արի մի տեսնեմ` ինչ արարած է էս անկողնում քնածը: Եվ Արեգը նայեց: Նայեց, ու գլուխը պտտվեց. տեսավ մի հրեղեն, հրաշագեղ, աննման աղջիկ մուշ-մուշ քնել է ու շիկնել: Երջանկության բուրմունքով լցվել էր ապարանքը: Հազարան Հավքի թովչանքով լցվել էր ապարանքը: Հազարան Հավքի թովչական ձայնից ու աղջկա երկնային գեղեցկությունից ինքն իրեն մոռացավ: Էլ ավելի մոտեցավ, նայեց. վերմակը հետ է գցված կրծքից, դուրս է հանել հոլանի թևերը, կուսական մարմինը շնչում է գերբնական գեղեցկությամբ ու թարմությամբ: Արեգն սկսեց աղջկա շորերը քանդել. մեկը բաց արեց, տեսավ մյուսը տակին,  այս էլ բաց արեց, տեսավ չի վերջանում… Իր ոսկի մատանին ճկույթից հանեց, դրեց աղջկա մատին,  աղջկա մատանին հանեց, դրեց իր մատին: Գլուխը խոնարհեց ու համբուրեց թշից. երեսն էնքան քնքուշ էր, որ համբույրի տեղը նշան մնաց : Հանկարծ Արեգը ուշքի եկավ, հիշեց Աժդահի խրատը, թե` չնայես ու ձեռք չտաս էն աղջկանը, թե չէ կհաղթվես ու կկորչես: Վեր առավ ոսկե վանդակը ու սուրաց դուրս: Հողը, ջուրը, օդը, հուրը սկսեցին աղաղակել.
-Բռնեք, տարա¯վ, հողածինը տարա¯վ հրեղենը:
Արեգը հետ չնայեց, սուրաց առաջ: Կրկին խեղկատակները ելան առաջը ու բղավեցին.
-Տարա¯վ, տարա¯վ հողածինը:
Արեգն անցավ առաջ, անցավ անապատը, Լեղի գետը, Սև-սև քարերը, դուրս եկավ Կախարդական աշխարհի սահմանից ու ձայն տվեց` Աժդահա¯… Աժդահեն հասավ, թե.
— Հը, բերի՞ր, թե չէ:
— Բերի:
— Ապրես, դե արի շալակս:
Շալակն առավ, տարավ իր սահմանն անց կացրեց, հասցրեց Ձկանը: Ձուկն էլ ծովով Արեգին բերեց Սպիտակ աշխարհի սահմանը, հանձնեց Քամի Ձիուն: Քամի Ձին թևն առավ, թռցրեց, տարավ հասցրեց մինչև Արեգի հոր թագավորության սահմանը: Էստեղ վար բերեց Արեգին: Արեգը Ձիու ճակատը համբուրեց, ու Քամի Ձին թռավ դեպի իր աշխարհքը: Արեգը եկավ հասավ էն ճամփաբաժանին, որտեղից երեք ուղղությամբ եղբայրները բաժանվեցին: Միտք արեց, թե` եղբայրներիս թողած` ո՞ւր գնամ, արի գնամ եղբայրներիս էլ գտնեմ, ու միասին գնանք` Հազարան Հավքը տանենք, հանձնենք մեր հորը:

ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արեգը գնաց եղբայրներին որոնելու: Շատ ման եկավ, թե քիչ, մեկին մի քաղաքում գտավ խորտկարարի մոտ ծառայելիս, մյուսին մի ուրիշ երկրում գտավ մրգավաճառի մոտ: Ցույց տվեց Հազարան Հավքը, ու երեքը միասին ճանապարհ ընկան դեպի իրենց տուն: Ճանապարհին Արեգն ասաց, որ հաց չի կերել, քաղցած է և խնդրեց եղբայրներին, որ հաց տան իրեն:
— Դե, Հազարան Հավքը մեզ տուր, հաց տանք,- առաջարկեցին եղբայրները:
— Ահա, ձեզ Հազարան Հավքը,- ասաց Արեգը,- մի՞թե մեկ չի, թե դուք տարած, թե` ես: Եղբայրները Հազարան Հավքը առան ու մի աղի հաց տվեցին Արեգին: Աղի հացն ուտելուց հետո ծարավից չորացավ Արեգի բերանը, ջուր ուզեց:
— Ահա, էստեղ ճանապարհին ջրհոր կա, եկ գնանք, էնտեղից ջուր հանենք, խմիր,- ասացին եղբայրներն ու Արեգին տարան մի խոր ջրհորի մոտ:
— Հիմա ո՞վ պետք է իջնի,- տարակուսելով ասաց մեծ եղբայրը,- ես ոչ ծարավ եմ, ոչ էլ կիջնեմ:
— Ես էլ չեմ կարող,- ասաց մյուսը:
— Ես կերթամ,- ասաց Արեգը,- ջուր կհանեմ ինձ համար էլ, ձեզ համար էլ: Միայն դուք պարանի ծայրը բռնեք:
— Լավ, մենք պարանի ծայրը կպահենք,- ասացին եղբայրներն ու Արեգին կախ արին ջրհորը: Հենց իջավ թե չէ, պարանը կտրեցին, Հազարան Հավքն առան, ճանապարհ ընկան: Արեգին թողին ջրհորի մեջ, թե` չգա պարծենա, որ ինքն է գտել Հազարան Հավքը, իսկ մենք խորտկարար ու մրգավաճառ էինք : Լուր տվին Արան թագավորին, թե որդիքդ Հազարան Հավքը գտել են, բերում են: Թագավորը մեծ հանդեսներով դուրս եկավ որդիների առաջը, տեսավ` ճշմարիտ որ Հազարան Հավքը բերել են: Շատ ուրախացավ Հազարան Հավքի համար, բայց երբ իմացավ, որ փոքր որդին կորել է, անպատմելի տխրեց: Եղբայրներն ասացին, որ իրենց տերության սահմանից դուրս գալու օրից նրանից լուր չունեն: Մեծ հանդեսով ու ծեսով բերին Հազարան Հավքը ոսկե վանդակով կախ արին չորացած այգում, բայց ոչ թռչունը երգեց, ոչ այգին կանաչեց: Թագավորի հրամանով եկան, հավաքվեցին երկրի իմաստունները, բայց ոչինչ չհասկացան: Էն ժամանակ կրկին հայտնվեց անծանոթ ծերունին և ասաց.
— Էս թռչունին տեր էլ կա, մինչև տերը չգա, Հազարան Հավքը չի երգի,- ասաց ու դարձյալ աներևութացավ, քամի դարձավ, չքվեց: Որտե՞ղ կլինի սրա տերը, որտե՞ղ չի լինի: Իհարկե, ով որ թռչունը բերել է, տիրոջ տեղն էլ նա կիմանա: Հարցրին թագավորի որդիներին: Նրանք թե` մի անտառում անտեր-անտիրական ոսկե վանդակով կախ արած էր, վերցրինք բերինք:

ԱՐԵԳԸ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Լուրը տանք մեր Արեգից: Արեգը հորն ընկավ, տեսավ` ի¯նչ հոր` մի ահագին խավար անդունդ, մի մո¯ւթ աշխարհք: Մոլորված առաջ էր գնում« հանկարծ տեսավ մի ահագին վիշապ օձ փաթաթվել է ծառի բնին, ուզում է բարձրանալ վերև, իսկ էնտեղ անմեղ, անփետուր արծվի ձագերը զարհուրած ճվճվում են: Արեգը էլ ժամանակ չտվեց. սուրը հանեց, հարձակվեց: Կտոր-կտոր արեց դաժան վիշապին, կուտակեց ծառի տակ ու ինքը հոգնած պառկեց, որ մի քիչ քնի: Հանկարծ ֆշշոցն աշխարհքը բռնեց, անդունդները որոտացին, հզոր հողմ բարձրացավ.
էդ Զմրուխտ արծիվն էր գալիս ձագերի մոտ: Նա ամեն տարի ձագ էր հանում բարձր ժայռի վրա, բայց վիշապը գալիս էր ուտում արծվի ձագերին, և մայր արծիվը կարոտ էր մնում, որ մի անգամ հասցնի ու թռցնի կամ գոնե աչքով տեսնի իր թշնամուն: Այս անգամ հեռվից նկատեց, որ մի սև բան ընկած է ծառի տակին: Ծվաց ու վրա տվեց, որ ծվիկ-ծվիկ անի քնած Արեգին: Ձագերը բնից ծլվլոցը կապեցին, թե` դրան վնաս չտաս, այ մեր. դա մեր փրկիչն է: Նայիր էն կողմը. վիշապն ուզում էր մեզ ուտել, դա սպանեց ու էնտեղ թափեց վիշապին: Զմրուխտ արծվի ծղրտոցից վեր թռավ Արեգը: Վեր նայեց, տեսավ Զմրուխտ արծվի կապույտ թևերը` իր գլխի վերևը փռված, տարածված մութ աշխարհքով մեկ, ու սարսափեց:
— Մի վախենար, քաջ տղա,- ձայն տվեց Զմրուխտ արծիվը,- դու իմ անմեր-անօգնական ճուտերին ազատել ես էս գարշելի վիշապից, սրանից հետո իմ ճուտերին վնաս չկա: Ասա տեսնեմ` ինչ կուզես ինձանից, որ քեզ տամ:
— Ինձ էս մութ աշխարհքից հանի լուս աշխարհք,- խնդրեց Արեգը:
— Մութ աշխարհք ընկնելը հեշտ է ու կարճ, դուրս գալը դժվար է ու երկար,  բայց քո արած լավությունը չափ չունի: Դե արի թևս, նստիր մեջքիս ու ամուր բռնվիր,- ասաց Զմրուխտ արծիվն ու Արեգին առավ, ծվաց, թռա¯վ վե¯ր, վե¯ր ու մութ աշխարհքից դուրս հանեց Արեգին : Արեգը լուս աշխարհ դուրս եկավ, շնորհակալություն հայտնեց, մնաս բարով արեց Զմրուխտ արծվին ու ճամփա ընկավ դեպի իր հոր թագավորությունը: Ճանապարհին մի աղքատ մարդու հանդիպեց, իր լավ շորերը տվեց աղքատին, աղքատի շորերը հագավ ու էդպես ծպտված մտավ հոր քաղաքը: Գնաց մի անշուք տան դուռը ծեծեց: Դուռը բաց արեց մի պառավ:
— Նանի, օտարական եմ, տեղ կտա՞ս քնելու,- խնդրեց Արեգը:
— Արի, ներս արի, որդի,- ասաց պառավը,- ես էլ որդի չունեմ, դու ինձ որդի կլինես, ես էլ քեզ` մեր: Արեգն էդ գիշեր պառավ նանից իմացավ, որ Հազարան Հավքը բերել են, բայց չի երգում, ասում են, թե Հավքը տեր ունի, տերն էլ պետք է գա, որ երգի: Լուսաբացին Արեգը տանից դուրս եկավ, գնաց քաղաքում ման եկավ, մի հացթուխի մոտ գործի անցավ, դարձավ հացթուխ:

ՏԻՐՈՒՀԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱԶԱՐԱՆ ՀԱՎՔԸ

Լուրը տանք Կախարդական աշխարհի Տիրուհուց: Հե¯յ գիտի Կախարդական աշխարհի հրաշագեղ Տիրուհի. զարթնեց խոր քնից: Զարթնեց` ի¯նչ տեսնի. իր շորերը տակն ու վրա եղած, թուշը այրում է համբույրի տեղը: Նայեց հայելուն, համբույրի տեղը տեսավ, նայեց վերև` Հազարան Հավքը չկա¯… Ծղրտաց, ճչաց.
— Հավքս տարա¯ն, հող,  ջուր, օդ, հուր, Հազարան Հավքը տարա¯ն, ինչո՞ւ ձայն չտվիք …
— Ինչքան ճչացինք` տարա¯վ, տարա¯վ, դռները չբռնեցին:
— Դռնե¯ր,- ծղրտաց,- ինչո՞ւ չբռնեցիք:
Դռները թե` Աստված նրա հետ, էսքան տարի բաց էինք, փակեց, փակ էինք, բաց արեց, ինչո՞ւ բռնեինք: Ապարանքից դուրս վազեց, ճչաց.
— Առյո¯ւծ, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ ճամփա տվիր:
Առյուծը թե` օրհնվի նրա ճամփեն. էսքան տարի դու առաջս խոտ էիր ածել, միսն աչքիս առաջին դրել: Նա միսն ինձ տվեց, խոտը վեր կալավ, ինչպե՞ս ճամփա չտայի:
-Խո¯յ,- ճչաց,- Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ թողիր:
Խոյը թե` ես միս ուտո՞ղ էի, որ էսքան տարի առաջիս միս էիր դրել: Նա հազիվ միսն առաջիցս վեր կալավ, խոտ տվեց, ինչպե՞ս չթողնեի:
— Այ օյինբազ խեղկատակներ,- ասաց,- ձեզ պահապան եմ դրել, որ Հազարան Հավքը հողածինները չհափշտակեին, էդ ինչպե՞ս տարան ձեր միջից: Խեղկատակները թե` մենք ի՞նչ անենք, մեր վրա մինչև անգամ չնայեց:
— Հուր ու փշոտ անծայրածիր անապատ, ինչո՞ւ թողիր:
— Փուշս քաղեց, հոտ քաշեց ու գովեց. Ի¯նչ անուշ է,- ասաց,- ինչո՞ւ չթողնեի:
— Աղի-լեղի թունավոր գետ, ինչո՞ւ թողեցիր…
— Աղի-լեղի թունավոր ջուրս խմեց ու գովեց, ասաց. ՙԱ¯խ« ի¯նչ անմահական ջուր է՚,- ինչպե՞ս չթողնեի:
— Սև-սև քարեր, Հազարան Հավքը տարան, ինչո՞ւ քար չդարձրիք հողածնին…
— Մենք ի՞նչ անենք, ինչքան ու ինչ ձեն ասես, որ չհանեցինք, ինչ տեսակ ասես չկանչեցինք, նա ոչ մի անգամ հետ չնայեց, ինչպե՞ս քար դարձնեինք:
Էստեղ աղջիկը մի կախարդական մեծ թուղթ ու գիր` թալիսման արեց, թուղթը ծակեց, անցկացրեց մեջքը, բերեց ծծերից ներքև ամրացրեց: Թղթի չորս կողմին գիր գրեց: Էս թուղթ ու գիրը դրան բարձրացրեց հանեց երկնքի երեսը: Էսպես թռա¯ծ` հասավ Աժդահին, ասաց.
— Աժդահա, Հազարան Հավքը դեսն անց է կացել. կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ մեծ կտորդ ականջդ եմ թողնում:
Աժդահեն թե` ես ի՞նչ անեմ, ես Աժդահա եմ գետնի երեսին, նա քեզ պես` երկնքումը, թռավ, դենը գնաց: Աղջիկը թռա¯վ, եկավ Ձկան մոտ:
— Ձուկ, Հազարան Հավքը դեսն անց է կացել. կամ տուր, կամ տեղն ասա, թե չէ կտոր-կտոր եմ անում քեզ:
Ձուկը թե` ես ի՞նչ անեմ, ես Ձուկն եմ ծովի միջին, նա քեզ պես` երկնքումը, թռավ, դենը տարավ: Էստեղից էլ անց կացավ Տիրուհին, թռա¯վ-եկավ Արան թագավորի քաղաքի մոտ, վայր եկավ:

ՏԻՐՈՒՀՈՒ ԶՈՐՔԸ ՊԱՇԱՐՈՒՄ Է ԱՐԱՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՔԱՂԱՔԸ

Թագավորի քաղաքի մոտ աղջիկը թուղթ ու գրերը քանդեց ու մի նոր էնպիսի գիր արեց, որ քաղաքին երևաց, թե երեք կարգ զորքով քաղաքը պաշարված է: Եկան, թագավորին հայտնեցին, թե քաղաքը պաշարված է. եթե դու թշնամի ունես, ինչո՞ւ չես արթուն մնում: Թագավորն եկավ աղջկա մոտ, թե` ի՞նչ ես ուզում ինձանից ու իմ երկրից:
— Իմ Հազարան Հավքը էստեղ է, տուր, թե չէ քաղաքիդ վրա կրակ եմ թափում, հետո էլ ջուր եմ շինում քաղաքդ,- սպառնաց Տիրուհին :
Թագավորը գնաց, մեծ ու միջնեկ տղաներին կանչեց, ասաց.
— Այ որդիք, Հազարան Հավքի տերն եկել է. գնացեք, տեսնեմ` ինչ պատասխան եք տալիս: Միջնեկ ախպերն ասաց, թե` ես կերթամ: Մեծը թե` քո բանը չի, ես կերթամ ու տես` ինչ եմ անում: Հազարան Հավքի Տիրուհին երկու արաբ դռնապան էր կանգնեցրել իր վրանի շեմքում ու պատվիրել, թե` մտնողը եթե իմ ասած մարդը կլինի, լավ, թե չէ, որ աչքով անեմ` տվեք ատամները փորն ածեք: Մեծ ախպերն եկավ աղջկա մոտ, բարև տվին, բարև առան: Աղջիկը հարցրեց.
— Այ տղա, Հազարան Հավքը դո՞ւ ես բերել: Տղեն թե` ես եմ բերել:
— Որտեղի՞ց բերիր:
Թե` մի շուկայում վաճառում էին, առա, բերի: Էստեղ Հազարան Հավքի Տիրուհին, որ աչքով արեց արաբներին, տվին թագավորի մեծ տղի ատամները փշրին, փորն ածին ու էդպես խայտառակված ճանապարհ դրին: Հիմա էլ միջնեկ ախպերն եկավ: Սա էլ ասաց, թե` մի անտառում վանդակով կախ արած էր, վերցրի, բերի: Սա էլ մեծ ախպոր նման ատամները փշրված հետ եկավ:

ԱՐԵԳԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԵՐԸ

Լուրը հասավ Արե•ին« թե Հազարան Հավքի Տիրուհին եկել է« Հավքը բերողին ու Հավքն է պահանջում: Արե•ը հացատնից ալրոտ դուրս եկավ ու •նաց իր հոր պալատը: Թա•ավորը« երբ փոքր տղին տեսավ« ո¯նց զարմացավ ու ուրախացա¯վ« հասավ« կարոտով •րկեց Արե•ին« համբուրեց ճակատը« հետո հառաչեց ու հայտնեց« որ իրենց քաղաքը վտան•ի մեջ է: — Ե°ս եմ բերել Հազարան Հավքը« ե°ս էլ Տիրուհուն պատասխան կտամ«- ասաց Արե•ն ու պատմեց իր •լխի եկածը« թե ինչպես է բերել Հավքը« թե ինչ ան•ութ են եղել իր եղբայրները: Ամենքը զարմացան ու չհավատացին: — Եթե էդպես է« եթե դո°ւ ես բերել Հազարան Հավքը«- ասաց Արան թա•ավորը«- դե արա• •նա°« պատասխան տուր Հավքի Տիրուհուն ու իրեն էլ բեր« որ թռչունը եր•ի: Արե•ը դեռ ճամփի փոշին վրայից թափ չտված` ճանապարհ ընկավ դեպի Տիրուհու վրանը: Գնաց« տեսավ Հազարան Հավքի հրաշա•եղ Տիրուհին տխուր-տրտում« մոլորված նստել է իր վրանում: Գալուն պես ասաց. — Բարո°վ« սիրո°ւն աղջիկ«- ու ծիծաղեց: Աղջիկը թե` ա°յ տղա« բարևը ասենք Աստծունն է« ծիծա±ղդ էլ ինչ էր: — Ոչի°նչ«- ասաց Արե•ը«- ճանապարհին •ալիս մի աննման աղջիկ տեսա` ներքին ու վերին շորերը քանդած« տակն ու վրա արած« հանած« ոտքերն ընկած« թուշին էլ` խալ. երեսն էնքան քնքուշ էր« որ համբույրիս տեղը նշան մնաց… Էստեղ Տիրուհին իսկույն իմացավ« որ սա ինքն է Հազարան Հավքը բերողը« դեռ իր մատանին էլ տեսավ Արե•ի մատին: — Ա°յ տղա«- ասաց«- հավքն իր թևով« օձն իր պորտով չէր կարող էնտեղ հասնել« դու ինչպե±ս ես չորս սահման անց կացել« հասել ինձ մոտ« պատմիր լսեմ: Արե•ը նայեց անտես- աննման« չնաշխարհիկ Տիրուհու` երկնքի նման անհուն ու անծիր աչքերին« նայեց ճակատին վառվող լուսե աստղին« առաջ եկավ ու ասաց. — Սև աշխարհն անցա« Սև դևին հաղթեցի« Կապույտ աշխարհն անցա« զարհուրելի Երկաթե Ձեռքը խորտակեցի« Կարմիր աշխարհն անցա« բոցերի ու մոխիրների միջից •արշելի Քավթառ Քուրսիին հաղթեցի« ահ ու երկյուղ չզ•ացի« ժողովուրդներ ազատեցի ու նրանց վայելքներից հրաժարվեցի« սարսափներին ու դառնություններին դիմացա« բոլորին հաղթեցի« միայն քո անտես-աննման տեսքին չդիմացա« միայն քեզանից հաղթվեցի. Ու ես չեմ եկել թևով թռչունի« Ո°չ մարդու ոտով« ոչ օձի պորտով« Նրանցից ոչ մեկն էն ուժը չունի« Թռել եկել եմ ես քո կարոտով: Խոր ծովեր անցա. ալիք ու փրփուր Լվանում էին երեսն երկնքի« Անդունդներ թռա` անտակ խորքերից Վեր էին հառնում ձայներ դժոխքի: Անցա փշալի անկոխ անապատ Ու վարդի բուրմունք առա տատասկից« Էն Լեղի •ետից անցա անվհատ. Խմեցի լեղին` դառն համ չզ•ացի: Հաղթեցի դևին« Սև-սև քարերին. Ժանտ օյիններին խեղկատակների« Տարա սարսափը Առյուծի ահեղ« Հաղթեցի անմահ չորս տարերքներին… Բոլորը անցա« ամենն հաղթեցի« Բայց չկարացի հաղթել քո սերին: Տիրուհի°« ահա°« եկել եմ կրկին… Չի° եր•ում առանց քեզ Հավքը Հազարան« Չի° թափում բուրյան վարդը երկնքի. Այ•իս մացառ է, ու մարդիկ` •ազան: Լույս աշխարհ ելել« եկել եմ կրկին Ո°չ հավքի թևով« ո°չ մարդու ոտով« Եկել եմ թռած քո սիրով միայն« Քո° սիրով« քո մեծ ու սուրբ կարոտով: Արի°« աննմա°ն« չքնա°ղ Տիրուհի, Որ Հավքդ եր•ի° հազարա°ն խաղով« Փուշը վա°րդ փոխի եր•ով թովչական« Ու •ազանը` մարդ-բանական հո•ով: Արե•ի պատմությունն ու խոսքը հուզեցին աղջկա սիրտը: — Լսի°ր« աննմա°ն տղա«- ասաց աղջիկը«- մարդիկ ապականել էին ամբողջ աշխարհը և միայն իմ երկյուղից չէին •ալիս Կախարդական աշխարհ: Դու որ անցար բոլոր փորձանքների միջով« հաղթեցիր դևերին ու հրեշներին« դու որ կարողացար թափանցել հողեղենին անհաս Կախարդական աշխարհի Տաճարը ու Հազարան Հավքը բերել« դու որ սիրեցիր ինձ հրեղեն սիրով« կախարդանքն էլ քանդվեց. տե°ս քո հոր քաղաքը պաշարած զորքն էլ չքվեց: Ահա°« ես էլ քոնն եմ«- կանչեց աղջիկը ու •իրկը պարզեց: Արե•ն առաջ եկավ« •լուխը խոնարհեց ու համբուրեց աղջկա սիրտը« աղջիկն էլ համբուրեց Արե•ի ճակատը« ու պինդ •րկեցին իրար: Հետո ձեռք ձեռքի տվեցին ու •նացին քաղաք:

ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆ ԵՎ ԱՐԵԳ ԹԱԳԱՎՈՐԸ

Արան թա•ավորն իր ժողովրդով« հանդեսներով ու օրհնություններով ելավ Արե•ին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի¯նչ սիրուն« ի¯նչ հրեղեն աղջիկ… արևին ասում է« թե` դու մայր մտի« ես քո փոխարեն լուս կտամ: Գնացին Այ•ին: Մութուլուսին-բարի լուսուն Հազարան Հավքը եր•եց ու մշտադալար բուրյան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի¯նչ հրաշք. Այ•ին կանաչեց« ծաղկեց առաջվանից էլ շքեղ« լի« փարթամ« հազարաձայն ու հազարա•ունի: Նրանք էլ« որ •ազան էին դարձել« մարդիկ դարձան` բանական հո•ով: Եվ ամենն ու ամենքը դարձան ասես նորից նոր ծնված« մաքուր« անմեղ ու անարատ (34): Արե•ն ու անտես-աննման Տիրուհին ամուսնացան: Յոթն օր« յոթը •իշեր հարսանիք արին Անմահական Այ•ում: Գուսանները լարեցին փանդիռները« զարկեցին թմբուկները« հնչեցրին փողերը ու եր•եցին. Երկներ Երկին« երկներ Երկիր« Երկներ և ծովն ծիրանի« Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղե•նիկ: Ընդ եղե•ան փող ծուխ ելաներ« Ընդ եղե•ան փող բոց ելաներ« Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ: Նա հուր հեր ուներ« Բոց ուներ մորուս Եվ աչքունքն էին արե•ակունք: Ծերունի Արան թա•ավորը իր թա•ավորությունը հանձնեց Արե•ին: Արե•ը բազմեց հոր •ահին« եղավ բարի արքա ու էն երկնքի պայծառ արևի նման« արարչական սիրով« արդար ու բարի թա•ավորեց հար ու հավիտյան:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s